Տրամաբանական է, որ ռևանշ չի լինելու. Պապոյանը` խաղաղության պայմանագրի մասին

ՔՊ–ական պատգամավորը նշվում է` պետք է Ադրբեջանի հետ երկխոսել, որպեսզի Հայաստանում երկար ժամանակ պետականություն և անկախություն լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն այն մասին է, որ ռևանշներ չեն լինելու։ Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պյամանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը` արձագանքելով հարցին` Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի «Խաղաղության պայմանագրում» նշվի մի կետ, համաձայն որի` Հայաստանը երաշխիքներ կտա ռևանշ չլինելու մասով։
«Կարծում եմ, որ խաղաղության պայմանագիրը հենց այն մասին է, որ ռևանշներ չեն լինելու։ Տրամաբանական է, որ ռևանշ չի լինելու։ Եթե պետք է ռևանշ լինի, ապա ի՞նչ խաղաղության պայմանագիր։ Եթե ցանկանում ենք, որպեսզի Հայաստանում երկար ժամանակ պետություն, պետականություն և անկախություն լինի, ապա այդ ճանապարհն ուղիղ անցնում է հարևանների հետ երկխոսության միջոցով։ Եթե Հայաստանը հայտարարի, որ ինքը ռևանշի է պատրաստվում, ապա դա ուղիղ ճանապարհ է Հայաստանի չլինելու»,– նշեց Պապոյանը։
Իշխանական պատգամավորն ընդգծեց` արտաքին ուժեր կլինեն, որոնք Հայաստանում այդպիսի տրամադրություններ կհրահրեն, քանի որ նրանց պետք չէ Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Պապոյանը վստահ է` ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելու քաղաքականությունը շատ տրամաբանական է այդ ուժերի համար, բայց Հայաստանը չպետք է երրորդ երկրների համար գործիք դառնա։
Խաղաղության պայմանագրում Արցախի մասին կետ եղել է, բայց հանվել է. Վարդան Օսկանյան
Նրա խոսքով` խաղաղության պայմանագիրը որքան Հայաստանին է անհրաժեշտ, նույնքան էլ Ադրբեջանին։ Պատգամավորը շեշտեց` պայմանագիրը տարածաշրջանում երկարատև խաղաղություն լինի։
Պապոյանը չմեկնաբանեց, թե ում նկատի ունի արտաքին քաղաքական ուժեր ասելով։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։