ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը և պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանային կայունության ամրապնդման գործում: Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
«Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի` փոխադարձ գործողությունների և համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարությունը, այդ թվում՝ երկու կողմերի գերիների ազատ արձակումը։ Դա համարում ենք դրական իրադարձություն»,– ասել է նա։
Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ կայուն խաղաղության հասնելը պահանջում է տարածաշրջանային կողմերի միջև խաղաղ հռետորաբանության և վստահության մթնոլորտի ամրապնդում։ Նա հույս է հայտնել, որ այդ միջոցները կհանգեցնեն խաղաղության և կայունության:
Քանանին վստահեցրել է, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման գործում Իրանը պատրաստ է աջակցել երկու երկրներին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին։, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։
Նշվում էր նաև, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:
Այս հայտարարությունը ողջունել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։