ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խոստանում է անել ամեն ինչ, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերայի ավարտը խաղան հավաքականում: Այս մասին նա հայտարարել է Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ Արաս Օզբիլիսն իր թեկնածությունն էր առաջադրել ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Նրա մրցակիցն է լինելու ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
«Ամեն ինչ կանեմ իմ ուժերի ներածին չափով, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերայի ավարտը խաղան հավաքականում: Առաջինը ես կցանկանամ, որ Հենրիխը հետ գա, բայց եթե ինձ ընտրելու եք, որ Մխիթարյանը հետ գա, ավելի լավ է՝ ինձ չընտրեք»,- ընդգծել է Օզբիլիսը:
Ֆեդերացիայի նախագահի պաշտոնի թեկնածուն նշել է նաև, որ զգում է հայկական ֆուտբոլային հանրության աջակցությունը և հավատում, որ կարող է շատ մեծ օգուտ տալ մեր ֆուտբոլին:
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին։