ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի Մարսել քաղաքի մուտքերը մասամբ կամ լիովին արգելափակվել են հսկայական խցանումների պատճառով, որոնք առաջացել են տաքսիստների բողոքի պատճառով: Վերջիններս բողոքում են ուղևորների փոխադրման նոր կանոնների դեմ։ Այս մասին հայտնում է actu.fr կայքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարսելում ավելի քան 700 տաքսիստներ մտադիր են բողոքի դուրս գալ սոցիալական ապահովագրության բյուջեի մասին նոր օրենքի դեմ, որը 2024 թվականի հունվարի 1-ից վարորդներին պարտավորեցնելու է միաժամանակ տեղափոխել մի քանի ուղևորի, որոնք ընդունելություն կունենան բժշկի մոտ։
Ըստ կայքի` քաղաքի հյուսիսային մուտքում երթևեկությունը պահպանվել է միայն հասարակական տրանսպորտի համար հատկացված հատվածում:
Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը 20-րդ անգամ կիրառել էր Սահմանադրության 49.3 հոդվածը սոցիալական ապահովագրության բյուջեի մասին օրինագծի ընդունման համար: Դա թույլ էր տվել օրինագիծը հաստատել առանց խորհրդարանում քվեարկություն անցկացնելու։