ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունների թիվը 50%–ով ավելացնել՝ 138–ից հասցնելով 209–ի։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ` այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը` ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այսօր ԵՄ խորհուրդը որոշեց ուժեղացնել մեր քաղաքացիական առաքելությունը ՀՀ–անում՝ ավելացնելով տեղում մեր ներկայությունը՝ 138-ից հասցնելով 209-ի։ Սա առաքելության ծավալի կարևոր աճ է և միջոց է բարձրացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի կայունությունը»,– ասել է Բորելը։
Հիշեցնենք` փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
Առաքելությունը գործող գրասենյակներ ունի Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում, ինչպես նաև կապի և աջակցության գրասենյակ` Երևանում: