Դանակահարություն Երևանում. տավուշցի երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Դեպքի փաստով Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,11 դեկտեմբերի– Sputnik. Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 20:05-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «աջ զստափոսում (որովայն) առկա երկու ծակած, կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու»,–գրում է կայքը:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Որոշ ժամանակ անց շտապօգնության բժիշկները «աջ նստատեղի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն են տեղափոխել ևս մեկ քաղաքացու, որը նույնպեսի վիճակ չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Շոպրոնի փողոցից:
Սպանություն Երևանում. 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Պարզել են նաև, որ վիրավորներն են Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Դավիթ Ս.-ն և Երևանի բնակիչ 27-ամյա Գևորգ Մ.-ն:
Հիվանդանոցից որոշ ժամանակ անց ահազանգել են ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ վիրավորներից Դավիթ Ս.-ն գիտակցության չգալով` մահացել է:
Դեպքի փաստով Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները, սպանությունը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Երևանի Կողբացու փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է. կա ձերբակալված
Կայքի տեղեկություններով` ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են դանակահարողի ինքնությունը:
Նախաքննության շահերից ելնելով՝ մանրամասներ չեն հաղորդվում: