Արարատ Միրզոյանը Բրյուսելում խոսել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին

Արարատ Միրզոյան
Արտգործնախարարը ներկայացրել է ՀՀ–ի` տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը խոսել է ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին, անդրադարձել դրա առանձին բաղադրիչներին՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ավելի լայն տարածաշրջանի համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն ու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները»,– ասված է հաղորդագրությունում։
Նախարարը հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընթացիկ ծրագրերը, հետագա ընդլայնմանն ու խորացմանն ուղղված քայլերը, անդրադարձ է կատարել ՀՀ-ԵՄ քաղաքական ու անվտանգային երկխոսության մի շարք առանցքային հարցերի, այդ թվում՝ ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը,
Նա ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շարքում՝ մարդկանց միջև շփումների, ՀՀ-ն ԵՄ-ին առավել մոտեցնելու համատեքստում ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ վերջնական որոշման կարևորությունը։
Միրզոյանը անդրադարձ է կատարել նաև տնտեսական և այլ ոլորտներում ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգին, այդ թվում՝ տարածաշրջանային նախաձեռնությունների ներառականությանը և Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխին ՀՀ միանալու ներուժին:
Հիշենենք` Վրաստանում անցկացված «Մետաքսի ճանապարհ» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնել տարածաշրջանում։ Նա ընդգծեց, որ դրանով արձանագրվում է հետևյալը` կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է սահմանային և մաքսային հսկողություն։ Բացի դրանից, կողմերից յուրաքանչյուրն ապահովում է նաև կոմունիկացիաների անվտանգությունը (խոսքը խողովակաշարերի, մալուխների, ճանապարհների, ավիահաղորդակցության ուղիների մասին է), ինչպես նաև բեռների անվտանգ անցումը։
Բաքուն ու Անկարան թույլ չեն տա, որ Հայաստանը խաղաղության խաչմերուկ դառնա. քաղաքագետ