ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Արգենտինահայ բժիշկ Պաբլո Էլմասյանը կմասնակցի բարեգործական վազքի մարաթոնի Բուենոս Այրեսից Մոնտեվիդեո՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին: Այս մասին հայտնում է FIDEC Armenia կազմակերպության կայքը, որը մարաթոնի կազմակերպիչն է։
Էլմասյանը դեկտեմբերի 3-ից սկսել է մասնակցել «Առաջ` դեպի Հայաստանում առողջապահության բարելավմանը» մարաթոնին։ Բժիշկը մինչև դեկտեմբերի 16-ը պետք է վազի 600 կմ, այսինքն՝ օրական 42 կմ։ Հավաքագրված միջոցները կուղղվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առողջապահական ծրագրերին: Ինքը՝ բժիշկը, սոցիալական ցանցերում պատմել է, որ մի քանի տարի առաջ որոշել է իր վազքի փորձը համատեղել բարեգործական նպատակների հետ։
«Այժմ, ուղևորվելով, ես ահռելի ջանքեր եմ գործադրում՝ աջակցելու Արցախից տեղահանվածների և ՀՀ Շիրակի մարզի գյուղական համայնքների բնակիչների առողջության բարելավման ծրագրին»,- նշել է նա։
FIDEC-ը նաև աշխատում է զարգացող երկրներում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ: Պաբլո Էլմասյանը վարակաբան է և FIDEC-ի բժշկական տնօրենը, որն ամեն տարի ընտրում է Հայաստանի Շիրակի մարզի երկու գյուղ և առաջարկում բժշկական հետազոտությունների լայն շրջանակ։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում այնտեղից բռնի տեղահանվել է 101 848 մարդ։