Թուրքիան աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրին». Ֆիդանը` Բլինկենին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Թուրքիայի կարծիքով` տարածաշրջանի կարգավորումը կբխի տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը եղել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպման օրակարգում։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Հանդիպման ընթացքում Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության կարելի է հասնել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և մշտական խաղաղության համաձայնագրի կնքման միջոցով:
«Թուրքիան աջակցում է երկու երկրների միջև «խաղաղության պայմանագրին» և ամեն ինչ անում է, որպեսզի դա իրականություն դառնա»,– ասել է նա։
Հաքան Ֆիդանը հավել է, որ Թուրքիայի կարծիքով` տարածաշրջանի կարգավորումը կբխի տարածաշրջանի երկրների շահերից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել։
Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողներին։
Նշվում է նաև, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:
Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է. Սարգիս Խանդանյան