Թուրքիայի հյուսիսում սելավի հետևանքով 2 մարդ է մահացել

Շտապօգնություն. Թուրքիա. Արխիվային լուսանկար
Զոնգուլդակում ավելի քան երկու օր հորդառատ անձրև է տեղացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի Հյուսիսային Զոնգուլդակ նահանգում սելավի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD):
Սև ծովի ափին գտնվող Զոնգուլդակում ավելի քան երկու օր անձրև է տեղացել։
«Երկու քաղաքացի մնացել են իրենց երկհարկանի տան փլատակների տակ, որը սելավից հետո փլուզվել էր Զոնգուլդակ նահանգի Ասմա շրջանում։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են նրանց մարմինները»,-հայտնել է վարչությունը մամուլի հաղորդագրության մեջ։
ԶԼՄ-ների տվյալներով` զոհերը մայր ու որդի են։
Փրկարարական գործողության ժամանակ երկրորդ փլուզումն է տեղի ունեցել, որի հետևանքով 21 փրկարար մնացել է փլատակների տակ, սակայն ավելի ուշ նրանց հաջողվել է փրկել: