ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակը 2024 թվականի ընտրություններում «ԱՄՆ-ում ժողովրդավարությանը սպառնալիք» է անվանել: Այս մասին նա հայտարարել է Լոս Անջելեսում իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։
«Ես կարծում եմ, որ ամերիկյան ժողովրդավարության ապագան վտանգված է… Դոնալդ Թրամփը բազմաթիվ սպառնալիքներ է ներկայացնում երկրի համար, սպառնալիքներ ինչպես ընտրության իրավունքի, այնպես էլ քաղաքացիական իրավունքների, ձայնի իրավունքի և համաշխարհային բեմում Ամերիկայի դիրքի համար: Բայց գլխավոր սպառնալիքը նա ներկայացնում է մեր ժողովրդավարության համար, քանի որ, եթե մենք կորցնենք այն, ապա կկորցնենք ամեն ինչ»,-հայտարարել է Բայդենը։
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ հավանաբար չէր առաջադրվի պետության ղեկավարի պաշտոնի համար, եթե այդ քայլին չգնար իր նախորդը` Դոնալդ Թրամփը, որին «չի կարելի թույլ տալ հաղթել»:
Wall Street Journal պարբերականը հարցման արդյունքներ էր հրապարակել, որոնք վկայում են, որ ամերիկացիների կեսից ավելին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունն իրենց վնասել է, ընդ որում` մոտավորապես նույն թվով մարդ էլ նշում է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը ժամանակին անձամբ իրենց օգնել է։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։