ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից շատ դանդաղ, բայց ինչ–որ քայլեր արվում են` Եվրոպական հանձնաժողովի «սև ցուցակից» դուրս գալու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց ավիացիայի հարցերով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի ավիաընկերությունները ներառել է ԵՄ թռիչքների անվտանգության «սև ցուցակում», քանի որ հայկական ավիաընկերությունները չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին:
Ճաղարյանի խոսքով` ՀՀ ավիացիան կարգավորող իշխանությունն է «սև ցուցակում», այլ ոչ թե կոնկրետ օդանավերը կամ ավիաընկերությունները։
«Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալությունը ոչ թե թույլ չի տալիս թռիչքներ կատարելու ավիաընկերություններին, այլ թույլ չի տալիս թռիչքներ կատարել այն ավիաընկերություններին ու այն օդաչուներին, որոնց հավաստագրել են ՀՀ ավիացիոն իշխանությունները»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` քաղավիացիայի ոլորտը կարգավորելու համար ցանկացած երկրի ավիացիոն իշխանություններում պետք է լինի կոնկրետ ոլորտով զբաղվող ամենաքիչը 27 աշխատող։
«Խոսքը ավիացիայի հիմնական գործառույթները կատարող հիմնական ոլորտների մասին է` թռիչքային, ավիացիոն անվտանգություն, օդանավերի տեխնիկական պիտանելիության հավաստագրում, օդանավակայանների և նավիգացիոն համակարգերի կառավարում։ Հիմա ինչ–որ բան արվում է ոլորտում, ու այն այլևս չի կործանվում, ինչպես մեծ արագությամբ եղավ 2018-22 թթ., երբ բառացիորեն քայքայվեց այն, ինչ կար նախկինում»,– նշեց Ճաղարյանը։
Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանի նշանակած՝ ՀՀ քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի օրոք բազմաթիվ հիմնաքարային և բարձրորակ աշխատողներ լքեցին ավիացիոն ծառայությունը ու իրենց տեղը գտան մասնավոր ոլորտում։
«Եթե նրանք ժամանակին ինչ–որ բանի հավատալով ու ցածր աշխատավարձով աշխատել են ու գոնե իրենց նկատմամբ վերաբերմունքն է մարդավարի եղել, ապա Ռևազյանի օրոք 15–27 մասնագետներ լքեցին ՀՀ ավիացիոն ծառայությունը։ Հիմա հավաքել այդքան մարդու քաղավիացիայի այժմյան ղեկավարին` Միհրան Խաչատրյանին, որն ամբողջ կյանքում ավիացիայում է աշխատել ու որի մասնագիտական որակները ես շատ բարձր եմ գնահատում, շատ բարդ է լինելու»,– նկատեց Ճաղարյանը։
Նա նաև նշում է, որ հաշվի առնելով այն, որ ոլորտում անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում, մասնագետները պետք է մեծ տեմպերով վերապատրաստումներ անցնեն, որ համապատասխանեն առաջադրվող նոր որակներին։ Այդ ծավալի աշխատանքի համար ավիացիոն իշխանություններից մեծ ջանք ու գումարներ են պահանջվելու։
Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովն իր որոշումը կայացրել էր Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի և հայկական 6 ավիափոխադրողների աշխատանքը վերլուծելուց հետո։ «Սև ցուցակում» են ընդգրկվել նաև Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և մի քանի այլ պետություններ: