Հռոմի պապը Երևանին և Բաքվին խաղաղության պայմանագրի կնքման կոչ է արել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարի գլխավոր պատշգամբում
Ֆրանցիսկոս պապը ողջունել է գերիների վերադարձը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է հայ և ադրբեջանցի ռազմագերիների ազատ արձակումը՝ կոչ անելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կնքել խաղաղության պայմանագիրը: Այս մասին նա հայտարարել Է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ավարտին։
«Ինձ ուրախացրեց զգալի թվով հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակումը։ Ես մեծ հույս ունեմ, որ դա դրական քայլ կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ու Հարավային Կովկասում խաղաղության համար։ Կոչ եմ անում կողմերին և առաջնորդներին հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքել», - հայտարարել է նա։
Ի դեպ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոյեմբերի վերջին ունեցած թոքաբորբից հետո հավատացյալների առջև առաջին անգամ է ելույթ ունեցել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել։
Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողներին։
Նշվում է նաև, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:
Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է. Սարգիս Խանդանյան
Ավելի վաղ այս հայտարարությունը ողջունել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։