ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Պատվո շքանշանով է պարգևատրել լիազորություններն ավարտած Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին։ Այս մասին հայտում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահը հանդիպել է Արգենտինայի արդեն նախկին նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-արգենտիանական հարաբերությունների շարունակական զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները»,– ասված է հաղորդագրությունում։
Երկու նախագահներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններում համագործակցային մեծ ներուժի առկայությանը, որի կյանքի կոչման համար աշխարհագրական հեռավորությունը չպետք է դիտարկվի որպես խոչընդոտ:
Զրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են վերջին շրջանում հարավկովկասյան տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու հայ ժողովրդի առջև առկա մարտահրավերներին: Այս համատեքստում նախագահ Ֆերնանդեսն ընդգծել է, որ լինելով մասնագիտությամբ իրավաբան մշտապես իր ձայնն է բարձրացրել ընդդեմ հայ ժողովրդի դեմ կատարվող անարդարությունների:
Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատանքային այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանին ընդունել է Արգենտինայի ընտրված նախագահ Խավիեր Միլեյը։
Դեկտեմբերի 9–ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արգենտինա նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար։