ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի հայկական կազմակերպությունների անդամներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից արվող քայլերն ու մշակվող ծրագրերը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Արգենտինա աշխատանքային այցի ընթացքում նա հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
«Հանրապետության նախագահը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի շուրջ ընթացող ներպետական գործընթացների և զարգացումների, երկրում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ավարտին նախագահը անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաներին հուզող հարցերին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատանքային այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանին ընդունել է Արգենտինայի ընտրված նախագահ Խավիեր Միլեյը։
Դեկտեմբերի 9–ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արգենտինա նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար։