Դուդուկ նվագելն ինձ մեծ դժվարությամբ է տրվել, վարպետ չունեի. Ջիվան Գասպարյան կրտսեր

Ջիվան Գասպարյան կրտսեր
Ջիվան Գասպարյան կրտսերը, լինելով հանրահայտ դուդուկահարի թոռ, դժվար ուղի անցել։ Նա շատ է ուզում, որ հանդիսատեսը մի օր իրեն այնպես հարգի, ինչպես պապին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռը` Ջիվան Գասպարյան կրտսերը, դուդուկ նվագել է սովորել 27 տարի առաջ ԱՄՆ–ում` պապից հեռու, ինքնուրույն ու մեծ դժվարությամբ։ Նա այդ մասին պատմել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նա 15 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ բժշկական կրթություն ստանալու, դեղագործ դառնալու մտքեր է ունեցել։ Բայց մեկ–երկու տարի անց, երբ պապը հյուր է եկել ու նրան որպես թարգմանիչ հետը տարել ֆիլմերից մեկի նկարահանման հրապարակ, որտեղ պապը պետք է դուդուկ նվագեր, նա սիրահարվել է այդ գործիքին։
«Պապիկիս խնդրեցի, որ ինձ մի դուդուկ տա։ Ասեց` Ջիվան ջան, ի՞նչ գործ ունես, քո ինչի՞ն է պետք։ Պնդեցի։ Դա իմ ընտրությունն էր, ոչ մեկը ինձ չի ստիպել»,–ասում է երաժիշտը։
Նա վստահեցնում է, որ շատ բարդ ուղի է անցել, թեև շատերին թվում է, թե Ջիվան Գասպարյանի թոռան համար կանաչ ճանապարհ է հարթված եղել։
«Դուդուկ նվագելն ինձ մեծ դժվարությամբ է տրվել, վարպետ չունեի, պապս էլ Հայաստանում էր, ինձ տարին մեկ էր այցելում։ Միակ բանը, որ ինձ օգնում էր, պապիս ձայնագրություններն էին։ Այնքան է եղել, որ դուդուկն ուղղակի մի կողմ եմ դրել ու ասել եմ` չեմ ուզում նվագել, չի ստացվում։ Բայց պապս ինձ հույս էր տալիս, ասում էր` ստացվում է։ Հակառակ դեպքում ինքը դեմ կլիներ»,–ասում է Գասպարյանը։
Ինչպես Ստալինը ժամացույց նվիրեց Ջիվան Գասպարյանին․ ծիրանափողի հնչյունները նվաճեցին աշխարհը
Նա հիշում է, թե ինչպես է ամիսներով տանջվել երաժշտության ինչ–որ հատված նվագելու վրա, բայց պապը եկել է ԱՄՆ, մի վայրկյանում ուղղություն տվել, ու ամեն ինչ իր տեղն է ընկել։
«Եթե ես նրա կողքին լինեի, շատ ավելի շուտ կսովորեի։ Այն տարիներին տեխնոլոգիաներն այսքան զարգացած չէին, նվագս ձայնագրում, ուղարկում էր պապիս ու սպասում նրա պատասխանին, որն ուղարկում էր ձայնագրությամբ»,– ասում է նա։
Գասպարյանը շեշտում է, որ ինքը չի համեմատվում պապի հետ, այլ շարունակում է նրա գործը, ինչպես պապն էր ուզում։
«Պապս միշտ ուզել է տղա ունենալ, որ իր ազգանունը շարունակող լինի։ Այնպես ստացվեց, որ ես ոչ միայն շարունակեցի իր ազգանունը, չնայած որ պապս տղա չուներ, այլ նաև շարունակեցի նրա գործը »,– նշում է երաժիշտը։
Բանն այն է, որ խնջույքներից մեկի ժամանակ Ջիվան Գասպարյանն իր դստեր ամուսնու մոտ սրտնեղել է, որ իր ազգանունը շարունակող չեղավ։ Քանի որ փեսան (Ջիվան Գասպարյան կրտսերի հայրը) աներոջը շատ է սիրել, թույլ է տվել, որ Ջիվան Գասպարյանը որդեգրի իր որդուն։
Այսպիսով Ջիվան Գագիկի Ղարիբյանը դարձել է Ջիվան Ջիվանի Գասպարյան։ Թոռը հպարտությամբ է կրում պապի անունը։ Հիշում է նրա հետ կապված ամեն ինչ, այդ թվում` իրեն տված գլխավոր խրատը։
«Պապս ասում էր` Ջիվան ջան, փառքից անպատվություն մի քայլ է։ Կարևորը լավ մարդ լինելն է։ Նա երբեք ցույց չէր տալիս իր մեծությունը, չէր խոսում այն մեծ հարգանքից, որ մարդիկ ունեն իր նկատմամբ»,–ասում է երաժիշտը։
Նա պապիկի հետ շրջագայելիս մի քանի անգամ նաև Ստամբուլում է եղել։ Պատմում է, որ թուրքերը մոտեցել են, Գասպարյանի տարազը համբուրել, համերգից առաջ հոտնկայս ծափահարել։
Չի թաքցնում` շատ կուզի, որ իր հանդիսատեսն էլ մի օր իրեն այդպես հարգի։
Կիթառ և դուդուկ. լեգենդար Բրայան Մեյն ու Ջիվան Գասպարյան կրտսերը «պայթեցրին» դահլիճը