ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Կատարում ընթացող ծանրամարտի վարկանիշային մրցաշարում Անդրանիկ Կարապետյանը զբաղեցրեց 7-րդ տեղը։
Ալեքսանդրա Գրիգորյանի բրոնզե հաջողությունից հետո այսօր մրցահարթակ դուրս եկավ 89 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Կարապետյանը։
Պոկում վարժությունում Կարապետյանը 170 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը, ընդ որում` երրորդ տեղը զբաղեցրած վենեսուելացի ծանրորդին Անդրանիկը զիջեց 1 կգ-ով։ Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 200 կգ կշռող ծանրաձողը, ու երկամարտում 370 կգ արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը։
Վաղը մեր հավաքականից մրցահարթակ են դուրս գալու երկու ծանրորդներ։ Նախ Լիանա Գյուրջյանը հանդես է գալու 81 կգ քաշայինների Բ խմբի մրցաշարին, ապա տղամարդկանց 96 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի Դավիթ Հովհաննիսյանը։