ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Արթիկ–Ալագյազ ավտոճանապարհին այսօր` վաղ առավոտյան, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, երկու ուղևոր հոսպիտալացվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգը ՆԳՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 7։24–ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Գազել» մակնիշի բեռնատարին, որն էլ վրաերթի է ենթարկել 36–ամյա Ն․ Մ․–ին։ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 60–ամյա Մ․ Մ․–ն արգելափակվել է։
Վրաերթի ենթարկված Ն․Մ․–ն և «Օպելի» 61–ամյա վարորդ Հ. Մ–-ն հոսպիտալացվել են։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները։
«Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 60–ամյա Մ․ Մ․–ն դուրս է բերվել արգելափակումից և հոսպիտալացվել։
Նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։