ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Երևանի կենտրոնում խուլիգանական արարքներ կատարած ՌԴ երկու քաղաքացու նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է երկու թրեշ–բլոգերների, որոնք Երևանի կենտրոնում ծաղրել են մարդկանց։
«Այսօր` ժամը 00:23–ին քաղաքացու ահազանգի հիման վրա պարզվել է, որ ՌԴ քաղաքացիներ Կ.Ա․–ն և Յուլյա Մ․–ն դեկտեմբերի 8–ին՝ ժամը 22:00–ից մինչև 23:30–ն ընկած ժամանակահատվածում, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նրանք վնասել են Երևանի Թումանյան փողոցում գտնվող արագ սննդի կետի գույքը, մրգերը նետել աշխատակցի վրա, Մաշտոցի պողոտայում գործող ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին են նետել և տրորել՝ այդ գործողությունները զուգորդելով հայհոյախառն արտահայտություններով:
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին կետով։
Նույն օրը խուլիգանություն կատարած անձինք հայտնաբերվել են և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Միաժամանակ, ձերբակալված Յուլյա Վ․–ն հաղորդում է տվել այն մասին, որ կեսգիշերին Երևանի իր բնակության հասցե են այցելել դիմակավորված անձինք, որոնք տևական ժամանակ նվաստացրել են իրեն, կտրել մազերը և ներկ լցրել գլխին:
Նշված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենագրքի 194-րդ հոդվածի 1-ի մասի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով։