ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի` նոր ժամկետով առաջադրվելու մասին հայտարարությունը միանշանակ ընկալվում է որպես դրական ազդակ և որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդման կուրսի շարունակման երաշխիք: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ–ում հայ գործարարների ասոցիացիայի նախագահ և համահիմնադիր Սամվել Կարապետյանը:
Հայտնել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համաձայնություն է տվել։
Կարապետյանն այս համատեքստում նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ռուս–հայկական հարաբերությունները կարիք ունեն գործընկերության և համագործակցության սկզբունքների վրա հիմնված կայուն երկկողմ փոխգործակցության երաշխիքների։
«Երկու երկրների պատմությունն ամրապնդվում է տնտեսության բազմաթիվ ոլորտներում համատեղ ձեռքբերումներով»,– ընդգծել է Կարապետյանը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թ–ին կրկնապատկվել է։ Բացի այդ, Ռուսաստանը ՀՀ–ի համար գլխավոր արտաքին առևտրային գործընկերն է և դեպի Հայաստան կապիտալի ներհոսքի առաջատարը։
Կարապետյանը նշել է, որ Հայաստանն իր հերթին շարունակում է ավելացնել դեպի ՌԴ արտահանման ծավալը, որը նախորդ տարվա արդյունքներով քառապատկվել է։
«Երկրների տնտեսությունների հարմարեցումը գլոբալ իրադարձություններին հիմնականում տեղի է ունենում մասնավոր բիզնեսի հաշվին։ Ռուս–հայկական գործարար համագործակցությունն անցած տարիների ընթացքում ամրության թեստ է անցել, այդ թվում՝ ներդրումային անվտանգության հարցում։ Ռուսական բիզնեսի մասնաբաժինը ՀՀ տնտեսության մեջ զգալի է, ՌԴ–ում հայկական ընկերություններն ամուր գրավում են շուկաների մեծ մասը` արտադրության, շինարարության, առևտրի և այլ ոլորտներում»,– նշել է Կարապետյանը։
Այս արդյունքներն, ըստ նրա` հնարավոր են դարձել երկու երկրների ղեկավարների գործարար սերտ համագործակցության, տնտեսական գործընկերության ընդլայնման, երկկողմ փոխհարաբերությունների հետագա զարգացման կամքի և ձգտման շնորհիվ:
Կարապետյանը հատուկ ընդգծել է, որ տնտեսության, մշակույթի, երկու երկրների ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների պահպանման ոլորտներում ինտեգրացիոն գործընթացներն ավելի քան 20 տարի նշվել են որպես ՌԴ ղեկավարների առաջնահերթություն։
Նշենք, որ Պուտինի լիազորություններն ավարտվում են հաջորդ տարվա մայիսի 7-ին: Ռուսաստանում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 17-ին: