ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ԼՂ հարցը որոշ ուժեր օգտագործել են ՀՀ–ում պետության կայացումը թույլ չտալու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաննայսօր Իջևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ։
«Այսինքն, մենք մեր ամբողջ ռեսուրսը, որ պետք է դնեինք պետություն ստեղծելու վրա, ՀՀ ստեղծելու վրա, դրել ենք ԼՂ պետություն ստեղծելու անլուծելի խնդրի վրա»,– նշել է ՀՀ վարչապետը։
Այնուհետև նա հայտարարել է, որ պետք է իմանանք` ի՞նչ է տեղի ունեցել մեզ հետ, որպեսզի հասկանանք` ինչ է տեղի ունենում հիմա, և որպեսզի պլանավորենք, թե ինչ է տեղի ունենալու վաղը։
«Տարիներ շարունակ մեզ ասել են` ճանապարհներ, դպրոցներ, հիվանդանոցներ մի կառուցիր, նույնիսկ` ինչի՞դ է պետք բանակը, մեջքներիդ կանգնած ենք, դուք ի՞նչ խնդիր ունեք։ Արդյունքում մեր ռեսուրսը ծախսել ենք անլուծելի խնդրի վրա»,– ընդգծել է նա։
Փաշինյանի խոսքով` այսօրվա մեր առաքելությունը Հայաստանի անկախությունն է, ինքնիշխանությունը, պետականությունը, ժողովրդավարության ամրացումն է կամ Հայաստանի Հանրապետության վերահաստատելը որպես ինքնիշխան, անկախ, ժողովրդավար և ազատ իրավական պետություն։
Իջևանում անցկացված նիստին մասնակցել են նաև կուսակցության Տավուշի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետեր, պատգամավորներ և կուսակցության վարչության անդամներ։
Ի դեպ, միայն դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանն անցկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի 3 և կուսակցության վարչության մեկ նիստ։