ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար ՀՀ իշխանություններն առաջարկում են 4 պարզ սկզբունք, որոնք կերաշխավորեն հավակնոտ այդ նախագծի կենսունակությունը։ Իրանական «Irna» լրատվականում հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հոդվածն այս թեմայով, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
Կոստանյանի նշած 4 սկուզբունքները հետևյալն են.
1.
Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:2.
Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը:3.
Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:4.
Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հավասարության և փոխադարձության սկզբունքով կարող են իրականացվել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ:Նա նաև նշել է, որ այդ խաչմերուկում հատվելու են տարբեր քաղաքակրթությունները, կրոնները, խայտաբղետ ավանդույթներն ու մշակույթները, որոնք տնտեսական շահույթներից բացի ապահովելու են նաև մարդկային և հոգևոր հարստություն:
Ըստ փոխնախարարի` «Խաղաղության խաչմերուկը» հնարավորություն կընձեռի Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով ամրապնդել հաղորդակցային կապը մեկ այլ կարևոր գործընկերոջ՝ Հնդկաստանի Հանրապետության և մասնավորապես հանգուցային համարվող Չաբահար նավահանգստի հետ:
«Փաստացիորեն, «Խաղաղության խաչմերուկը» փոխկապակցելու է ոչ միայն տարածաշրջանային երկրները, այլև արևելքը՝ արևմուտքին, հյուսիսը՝ հարավին, Պարսից ծոցը՝ Սև ծովին, Միջերկրական ծովը՝ Կասպից ծովին»,– գրել է Կոստանյանը:
Նա ընդգծել է, որ «Խաղաղության խաչմերուկը» բովանդակային առումով չափազանց հարազատ է հայ և իրանցի ժողովուրդներին, որոնց առևտրական համբավն ու հաջողությունները պատմության տարբեր խաչմերուկներում պատմվել են հարյուրամյակներ շարունակ:
ՀՀ ԱԳ փոխնախարարը նշել է, որ այդ պատճառով է նաև Հայաստանն ակնկալում Իրանի անմիջական շահագրգռվածությունն ու ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող հավակնոտ գաղափարը կյանքի կոչելու գործում:
Հիշեցենք` Վրաստանում անցկացված «Մետաքսի ճանապարհ» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնել տարածաշրջանում։
Նախագծի շրջանակում Հայաստանը պատրաստ է 7 անցակետ տեղադրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին։ Ադրբեջանի հետ՝ Կայան (Տավուշ) գյուղի մոտ, Սոթքում (Գեղարքունիք), Քարահունջի և Անգեղակոթի մոտ (Սյունիք), Երասխում (Արարատ), Թուրքիայի հետ՝ Ախուրիկի (Շիրակ) և Մարգարայի (Արմավիր) հատվածներում։
Երևանը նախատեսում է հանրապետության տարածքում վերականգնել նաև ընդհանուր 130 կմ երկարությամբ երկաթուղային 4 հատվածները։ Դրանք են՝ Նռնաձոր-Ագարակ հատվածը (43 կմ), Երասխ-Նախիջևան (1 կմ), Գյումրի-Թուրքիայի սահման (6 կմ), Հրազդան-Կայան (80 կմ)։
Ֆինանսների նախարարության նախնական գնահատականներով՝ «Խաղաղության խաչմերուկի» ամբողջական կառուցումը 500 մլն դոլար կարժենա։