Ինքնասպանության փորձ կատարած ոստիկանի գործով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Բժշկական կենտրոնից առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Իր աշխատավայրում ինքնասպանության փորձ կատարած ոստիկանի գործով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. 25–ամյա ոստիկանն ինքնասպանության փորձ է արել հենց քնչական բաժնում:
ՀՀ ՔԿ–ից նշում են, որ դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 09:25–ին, Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Մաշտոցի բաժնի ոստիկան Վ.Մ.–ն պահակակետում, գտնվելով ծառայության մեջ, իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակով կրակելու եղանակով ինքնասպանության փորձ է կատարել:
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում լսվել է կրակոցի ձայն, որից հետո աշխատակիցները նկատել են, որ քննչական բաժնում ծառայություն իրականացնող ոստիկանն իրեն հատկացված պահակակետում գտնվում է արնաշաղախ վիճակում: Վերջինս, «գլխի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժհաստատություն»,– նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Երևանում կանխվել է դեռահասի ինքնասպանության փորձը
Պահակակետում կատարված զննությամբ հայտնաբերվել և վերցվել են մեկ հատ 9 մմ տրամաչափի պարկուճ, մեկ հատ «Մակարով» տեսակի՝ 7 փամփուշտով լիցքավորված ատրճանակ, արյան հետքեր։
Բժշկական կենտրոնից առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները:
Նախաքննությունը շարունակվում է: