Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»

Արեն Մկրտչյան
Անզեն աչքով էլ նկատելի էր, որ Ալավերդիում ոստիկանության ակտիվ մասնակցությամբ կյանքի կոչված իշխանազավթման աշխատանքները համակարգում էր ՔՊ–ական պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին իմպիչմենտ հայտարարելուց հետո համայնքապետ կարգված ՔՊ–ական Դավիթ Ղումաշյանի հետ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը բավականին վատ հարաբերություններ ունի, և բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների: Այս մասին գրում է «Փաստը»։
«Անզեն աչքով էլ նկատելի էր, որ Ալավերդիում ոստիկանության ակտիվ մասնակցությամբ կյանքի կոչված իշխանազավթման աշխատանքները համակարգում էր ՔՊ–ական պատգամավոր Արեն Մկրտչյանը, որն անցյալ տարի տեղի ունեցած ընտրություններում պարտվել էր Արկադի Թամազյանին։ Ի դեպ, Արեն Մկրտչյանը չհերքեց էլ, որ ինքն է դիմել ոստիկանությանը, որ ապահովեն իր և իր թիմի անվտանգությունը...»,–գրում է թերթը։
Թերթը գրում է, որ խոսքը նույն Մկրտչյանի մասին է, որը ոստիկանական միջամտությամբ իրականացված իշխանազավթումից հետո խորհրդարանում խոսում էր ժողովրդավարությունից՝ «սարքովի» հարց ուղղելով ՏԿԵ նախարարին, որը բազմիցս գլուխ է գովել որպես պատգամավոր Ալավերդիում կատարած աշխատանքների մասին, իսկ իրականում նրա նախաձեռնությունները Ալավերդիում ընդամենը եղել են կարճաժամկետ «փուչիկներ»։
Հիշեցնենք` 2022–ի սեպտեմբերի 25–ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13–ական մանդատ, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» չէր հաղթահարել անցողիկ շեմը։ Սակայն ՀԱԿ–ը 1 մանդատ ստացավ, որովհետև, օրենքի համաձայն, համայնքի կառավարումը պետք է կազմված լինի երեք ուժից։
Հոկտեմբերի 12–ին Ալավերդու նորընտիր ավագանու առաջին նիստում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանն Ալավերդու համայնքապետ ընտրվեց։
2023 –ի դեկտեմբերի 5-ին Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ն անվստահություն հայտնեցին Արկադի Թամազյանին և համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրեցին ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։