ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Իրանը ձգտում է, որ իրանցի գործարարները ծանոթանան Ռուսաստանի նոր տնտեսական մթնոլորտին. առաջիկա 2-3 տարում երկու երկրների հարաբերությունները լուրջ առաջընթաց կապրեն։ ՌԻԱ Նովոստիի փոխացմամբ` Nour News գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Հաշվի առնելով ձեռնարկած քայլերը` կանխատեսում եմ, որ առաջիկա 2-3 տարում երկու երկրների հարաբերություններում մեծ թռիչք տեղի կունենա։ Դրա համար պայմաններ են ստեղծվում, խոչընդոտներն էլ կրճատվում են», - Ջալալիի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Դեսպանն «աննախադեպ» է անվանել վերջին երկու տարվա ընթացքում (Ռուսաստանի և Իրանի հարաբերությունների ողջ պատմության նախորդ ժամանակահատվածի համեմատ) երկու երկրների միջև գործարարների և տնտեսագետների պատվիրակությունների այցերի քանակը։ Նա նաև ընդգծել է, որ ստեղծված նոր պայմանները նոր պահանջներ են առաջ քաշում, մասնավորապես, ըստ նրա, անհրաժեշտ է ավելի ակտիվ գործել։