Այն ամենը, ինչ հայկական է, կմնա հայկական. Նուրհան արքեպիսկոպոսը` «Կովերի պարտեզի» մասին

Արքեպիսկոպոս Մանուկյանն անակնկալ այցելել է «Փրկենք հայկական թաղամասը» շարժման անդամներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այցելել է հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին: Այս մասին X–ի իր միկրոբլոգում հայտնել է շարժումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անձամբ ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը գործարար Դենիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոց կառուցելու համար: Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է անցկացնում այս գործարքի դեմ։
«Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անակնկալ այցելութուն է կատարել «Փրկենք հայկական թաղամասը» շարժման անդամներին` ի նշան համերաշխության հանուն բարոյապես արդար այս պայքարի: Վեհափառը շփվեց հայ երիտասարդների հետ և պատասխանեց մտահոգ բնակիչների բազմաթիվ հարցերին»,– նշված է հրապարակման մեջ:
Եկեղեցու բոլոր անդամներն իրենց աջակցությունն են հայտնել պատրիարքին՝ «Կովերի այգու» հետ կապված անօրինական գործարքը չեղարկելու համար:
Հանդիպման վերջում Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը քաջալերանքի խոսքեր է ասել և օրհնել երիտասարդներին։
«Այն ամենը, ինչ հայկական է, կմնա հայկական»,– վստահեցրել է նա:
Մանուկյանը ակտիվիստների հետ քննարկել է նաև քաղաքի հայ համայնքի պահպանման հետագա քայլերը։
Իսրայելին կոչ ենք անում արդարացի լուծում տալ հարցին․ Զախարովան՝ «Կովերի պարտեզի» մասին