Ահա թե ինչու ՔՊ–ն ընտրեց ընդդիմության ՄՊՀ անդամի թեկնածուին

«Հրապարակի» տեղեկություններով` ՔՊ–ի հետ փակ հանդիպումը կայացել է բավականին դրամատիկ մթնոլորտում, սակայն իշխանությունը որոշել է այս անգամ ընտրել ընդդիմության թեկնածուին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ քաղծառայության խորհրդի նախկին նախագահ, ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրված Մանվել Բադալյանը մինչ այդ պաշտոնում ընտրվելը հանդիպել է ՔՊ–ական պատգամավորների հետ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ–ն փակ–գաղտնի քվեարկությամբ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրեց Մանվել Բադալյանին։ Նա ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների միասնական, համաձայնեցված թեկնածուն էր։
Ըստ լրատվամիջոցի` Բադալյանն իշխանական պատգամավորների հետ հանդիպել է, քանի որ ընդդիմության ձայները բավարար չէին ընտրվելու համար։
Լրատվամիջոցի տեղեկություններով` ՔՊ–ի հետ փակ հանդիպումը կայացել է բավականին դրամատիկ մթնոլորտում, սակայն իշխանությունը որոշել է այս անգամ ընտրել ընդդիմության թեկնածուին, որն իրեն «լավ» է պահել հանդիպման ժամանակ:
«ՔՊ–ականները` Արփի Դավոյանի գլխավորությամբ, Բադալյանի «դեմն» են դրել նախկինում արած հակաիշխանական, հականիկոլական հայտարարությունները՝ հարցնելով, թե ինչպես կարող է նման հայացքներ ունեցողն անաչառ դիրքորոշում ունենալ ՄՊՀ-ում։ Բադալյանը խոստացել է ընտրվելուց հետո պահպանել քաղաքական չեզոքություն»,– նշված է հրապարակման մեջ։
Արդեն ԱԺ լիագումար նիստի ժամանակ իր ելույթում Բադալյանը մի քանի արտահայտություն է թույլ տվել նախկին որոշ «բարքերի» մասին: Նրա ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանի 2 թիմակիցները` Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը, ցուցադրաբար լքել են դահլիճը, ապա չեն մասնակցել իրենց իսկ կողմից առաջադրված թեկնածուի ընտրությանը:
ԱԺ–ն «ճնշեց» Հայկուհի Հարությունյանին. նա այլևս չի կարողանա կանխել կոռուպցիան
Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 12–ին ՀՀ Ազգային ժողովը փակ–գաղտնի քվեարկությամբ ՀՀ մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնում չընտրեց ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջադրած մեկ այլ թեկնածուին` Անահիտ Սարգսյանին։
ՀՀ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չէր մասնակցել քվեարկությանը։