ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Քաղաքացի Ա.Գ.-ն Telegram–ի հավելվածում իր կողմից ստեղծված «Top Weed» առցանց խանութ–հարթակի միջոցով իրացրել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և 79 մլն դրամ փողերի լվացում կատարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Դատախազը նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել:
Պարզվել է, որ Ա.Գ.–ն 2019 թ. մի խումբ անձանց հետ համապատասխան վարձատրության դիմաց սկզբում՝ որպես թմրամիջոց տեղադրող, իսկ հետագայում՝ որպես պահեստապետ, իրացրել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ:
«Ա.Գ.–ն, նույն ժամանակահատվածում, ՌԴ–ից պարբերաբար մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու և սահմանված արգելքը խախտելու եղանակով, տեխնիկական սարքավորումների մեջ թաքցված վիճակում, Հայաստան է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ա.Գ.-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներից ընդհանուր՝ 556,090 գրամ քաշով «մարիխուանա» և 190,326 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ:
Ա.Գ.–ի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում հոդվածների հատկանիշներով: