ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որով հայտարարվում է ձերբակալվածների փոխադարձ ազատ արձակման, վստահության ամրապնդման այլ միջոցների և երկար սպասված խաղաղության համաձայնագրի հասնելու հստակ պարտավորության մասին»,- գրել է Կոլոմինան։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է այդ ջանքերին ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել։
Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողներին։
Նշվում է նաև, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:
Ավելի վաղ այս հայտարարությունը ողջունել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։