ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը ողջունել է Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը

Անտոնիո Գուտերեշ
Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի երկարատև խաղաղությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունն առ այն, որ պատրաստ են կարգավորել հարաբերությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեփան Դյուժարիկը։
Նա ընդգծել է` Գուտերեշը նաև հույս ունի, որ հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի երկարատև խաղաղության։
«ՄԱԿ–ը կողմերին կոչ է անում այդ համաձայնագիրն օգտագործել փոխադարձ վստահության խթանման և երկարաժամկետ խաղաղության ապահովման համար` ի շահ իրենց ժողովուրդների և տարածաշրջանի»,– նշել է նա։
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարություն էին տարածել` նշելով, որ վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:
Նշվում էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին: Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:
ԱՄՆ–ն ողջունում է ՀՀ–ի և Ադրբեջանի հայտարարությունը գերիների փոխանակման վերաբերյալ. Պետդեպ