ԼՂ դպրոցականներին օգնելու համար Հայաստանը Համաշխարհային բանկից 2,9 մլն դոլար կստանա

Երեխաներին աջակցություն տալու համար գումարը տրամադրվելու է ավելի քան 200 դպրոցի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը Համաշխարհային բանկից 2,9 մլն դոլար դրամաշնորհ կստանա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցականներին օգնելու համար։ Տեղեկությունը հայտնում է Համաշխարհային բանկի մամուլի ծառայությունից։
«Միջոցները կուղղվեն հոգեկան առողջության ու բարեկեցության օգնության տրամադրմանը, երեխաների և դեռահասների սոցիալական ինտեգրմանը և կրթության պայմանների բարելավմանը: Մեկ այլ խնդիր է դպրոցի անձնակազմի կարողությունների մոնիտորինգն ու զարգացումը։ Գումարը տրամադրվելու է ավելի քան 200 դպրոցի»,– ասված է հաղորդագրությունում։
Դրամաշնորհն ուղղվելու է նաև դպրոցի անձնակազմի մենթորությանը՝ տեղահանված երեխաներին և դեռահասներին, նրանց ընտանիքներին և հյուրընկալող համայնքների աշակերտներին անհատական հոգեկան առողջության օգնություն և հոգեսոցիալական աջակցություն ցուցաբերելու համար:
Համաշխարհային բանկը ներկայում 500 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 10 ծրագիր է ֆինանսավորում Հայաստանում: