ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. «Կարաս Գրուպ» ՍՊԸ–ին պատկանող հանրային սննդի օբյեկտում աղցանի, շաուրմաների և այլ ուտեստների մեջ աղիքային ցուպիկ, նորմերին չհամապատասխանող խմորասնկեր և այլ մանրէներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Խոսքը Երևանի Արշակունյաց 34 հասցեում գործող սննդի կետի մասին է։ ՍԱՏՄ–ն կասեցրել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը։
Հանրային սննդի օբյեկտում առկա սննդամթերքից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության։ Արդյունքում նմուշներում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝
«Կեսար» աղցան՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli,
խոզի շաուրմա՝ ԱՑԽՄ, E.coli (աղիքային ցուպիկ),
հավի շաուրմա՝ ՄԱՖԱնՄՔ ( մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ, E.coli, ախտածին, ա/թ սալմոնելաներ,
տոմատի սոուս՝ ԱՑԽՄ,պանրային սոուս արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ,
կետչուպ՝ ՄԱՖԱնՄՔ,
քամած մածուն` ԱՑԽՄ, խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին ու պահանջներին։
«Կարաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: