Ինչ կստանանք Իրանի շուկայում և նավահանգիստներում. էքսպոյի և բանակցությունների արդյունքները

Վարդան Կոստանյան
Թեհրանում քննարկվել են Հայաստանում համատեղ արտադրությունների բացումը և դրա համար առաջարկվող ՀՀ պետական աջակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Առաջիկայում իրանական կողմը գործնական առաջարկներ կներկայացնի իր նավահանգիստներում հայկական բեռների արտոնյալ սպասարկման համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Իրանում ՀՀ առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը` ներկայացնելով EURASIAN EXPO 2023 ցուցահանդեսի և փոխնախարարների մակարդակով կայացած հանդիպումների արդյունքները։
Դեկտեմբերի 4-7–ը Թեհրանում անցկացված EURASIAN EXPO 2023 ցուցահանդեսում Հայաստանն առաջին անգամ հանդես է եկել առանձին տաղավարով։ Հայկական տաղավարում ներկայացված են եղել ավելի քան 20 ընկերություններ` սննդի արդյունաբերության, սարքաշինության, լոգիստիկայի և այլ ոլորտներից։
Հայտնի է, որ Իրանն առավելապես հակված է սպառել սեփական արտադրանքը, ոչ թե ներմուծված, բայց, Կոստանյանի խոսքով, իրանցի գործարարները հետաքրքրություն են ցուցաբերել հայկական ապրանքների նկատմամբ։
«Հայկական ձեռնարկությունների համար կազմակերպվեցին մի շարք B2B հանդիպումներ թե՛ իրանցի, թե՛ ԵԱՏՄ երկրների ձեռնարկությունների հետ, որոնք նույնպես ներկա էին ցուցահանդեսին,– առևտրային կցորդը։
Հայկական պատվիրակության ղեկավար, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Վարդան Կոստանյանի հետ անցկացրել էր նաև մի շարք հանդիպումներ։ Դրանցից մեկը կայացել էր Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, ԻԻՀ նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրեն Ալի Աքբար Սաֆայիի հետ։ Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել իր նավահանգիստներում բարենպաստ պայմաններ տրամադրել հայկական բիզնեսին։ Այս հարցերի շուրջ կողմերը պատրաստվում են ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որից հետո Իրանը առաջարկներ կներկայացնի պայմանների մասին։ Դրանից հետո կսկսվեն գործնական քննարկումներ առ այն, թե որ նավահանգիստներում հայկական բեռների համար կարելի է ակնկալել արտոնյալ մոտեցումներ։
Հանդիպում է կայացել նաև ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, ԻԻՀ առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մեհդի Զեյղամիի հետ։ Քննարկվել են բարտերային առևտրի հարցեր, ինչպես նաև Հայաստանում Իրանի առևտրի տան բացումը։ Կոստանյանի խոսքով` իրանական կողմից կա ըմբռնում, որ այս հարցում պետք է նաև փոխադարձության սկզբունք պահպանել, այսինքն` Հայաստանին ևս թույլ տալ նման առևտրի տուն բացել Իրանում։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պարոն Զեյղամին մոտ ապագայում կայցելի Հայաստան` տեղում գործնական բոլոր հարցերը քննարկելու։ Հավանաբար իրանական առևտրի կենտրոնի բացման ժամանակ այդ մասին նույնպես կխոսվի։ Մենք էլ պիտի աշխատանք տանենք իրանական շուկայով հետաքրքրված հայ գործարարների հետ»,– նշեց նա։

Մեկ այլ հանդիպում էլ անցկացվել է Իրանի կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Ալիռեզա Ասքարիանի հետ։
«Հարկ է նշել, որ այս նախարարության ենթակայության տակ կենտրոնացված են զգալի թվով ձեռնարկություններ` նավագնացության, բեռնափոխադրման, սննդի, ծանր արդյունաբերության` ընդհանուր առմամբ տնտեսական ողջ ակտիվության մոտ 30%–ը»,– ընդգծեց առևտրային կցորդը։
Մոտ երկու ամիս առաջ Իրանում այս նախարարության հովանու ներքո կայացել էր հայ–իրանական համատեղ գործարար համաժողով։ Ի շարունակություն այնտեղ կայացած քննարկումների` խոսվել է համատեղ արտադրությունների բացման մասին (այդ թվում` Հայաստանում)։ Իրանական կողմին նաև ներկայացվել են Հայաստանում արտադրողների աջակցության պետական ծրագրերը (սարքավորումեր ձեռք բերելու վարկեր, լիզինգի տոկոսների սուբսիդավորում և այլ ծրագրեր)։
Նշենք, որ Հայաստանում արդեն իսկ գործում է իրանական կապիտալով մի քանի արտադրական ձեռնարկություն (մասնավորապես Արմավիրի մարզի Քարակերտ ավանում գործում է երկաթի ձուլարան, որն առայժմ թողարկում է պողպատի ձուլակտորներ, իսկ առաջիկայում կսկսի արտադրել նաև երկաթե ամրաններ։