Երևանում «Opel»–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել և այրվել. կան տուժածներ

Տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Այսօր վաղ առավոտյան Երևանի Հյուսիսային ավտոկայարանի մոտակայքում այրվել է ավտոմեքենա. 3 մարդ տուժել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել ժամը 07:46-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել և բռնկվել»,– ասվում է հաղորդագրությունում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը 3 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։01-ին, մարվել՝ 08։19-ին։ Ավտոմեքենան այրվել է։
Խոշոր վթար Ուջան գյուղում. բախվել են 2 մարդատար, 2 բեռնատար մեքենաներ, կան տուժածներ