Ձերբակալվել են Բրյանսկի դպրոցը հսկող ընկերության տնօրենը, կին պահակը և սպանված աղջկա հայրը

Քրեական գործի նախաքննությունն իրականացվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի կողմից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Բրյանսկում ձերբակալվել են «Էքսկալիբուր» մասնավոր պահպանության ձեռնարկության տնօրենը։ Ձեռնարկությունը պատասխանատու է թիվ 5 գիմնազիայի անվտանգության համար, որտեղ դեկտեմբերի 7–ին հրաձգություն էր տեղի ունեցել։ Ձերբակալվել են նաև դպրոցի կին պահակը, ինչպես նաև մահացած աղջկա հայրը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։
«Ձերբակալվել են «Էքսկալիբուր» ՄՊՁ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Պոդդուբնին և դպրոցի անվտանգության աշխատակցուհի Գալինա Չերտկովան, ինչպես նաև մահացած աղջկա հայրը, որը հրացան էր տարել դպրոց և կրակել համադասարանցիների վրա»-պատմել է լրատվամիջոցի զրուցակիցը:
Աղբյուրի խոսքով` ձերբակալությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 7–ի, լույս 8–ի գիշերը, քրեական գործի հետաքննությունն իրականացնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։
Հիշեցնենք, որ Բրյանսկի շրջանի ՆԳՆ մամուլի ծառայության տվյալներով` դեկտեմբերի 7–ին ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել Բրյանսկի հինգերորդ գիմնազիայում հրաձգության մասին: Աշակերտուհիներից մեկը հրացան է տարել վարժարանի շենք և մի քանի կրակոց արձակել, ինչի հետևանքով տուժել է 5 մարդ: Դրանից հետո աղջիկն ինքնասպան է եղել։
Վիրավոր համադասարանցիներից մեկը նույնպես մահացել է ստացած վիրավորումից։ Կատարվածի դրդապատճառներն ու հանգամանքները պարզվում են։
Այս պահին հայտնի է երկու զոհի և ևս հինգ վիրավորի մասին։
Տեղի ունեցածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։
Նա հերոսուհի է. Բրյանսկում հրաձգության ժամանակ ուսուցչուհին մարմնով ծածկել է երեխաներին