ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Վերին Լարսի ճանապարհը կրկին ամբողջությամբ փակվել է բեռնատարների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է բեռնատար տրանսպորտի համար»,– հայտնել է Հակոբյանը։ Նա նշել է, որ թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը դեռևս բաց է:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Դեպի Լարս տանող ճանապարհը բացվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ավելի վաղ Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ-ը հայտնել էր, որ Վրաստանի սահմանային վարչության խնդրանքով դեկտեմբերի 7-ի ժամը 22.20 - ից մինչև հատուկ կարգադրություն արգելվում է Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ։ «Դարյալ» անցակետը (Վերին Լարսի վրացական կողմը) ժամանակավորապես դադարեցրել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների փաստաթղթերի ձևակերպումը։