ԱԺ-ն քննարկեց զենքի մասին օրենքի փոփոխությունները․ ի՞նչ է առաջարկվում

Զենք
Հրաձգարաններից դուրս հրաձգային քաղաքացիական զենքի կիրառման նվազագույն արգելքն առաջարկվել է 5 հազար մետրից նվազեցնել մինչև 3 հազար մետր, քաղաքացիական զենք կրելու իրավունք տվող քննություններն էլ պարզեցնել զինվորական ծառայություն անցածների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Զենք ունենալու և դրա կիրառման կանոնները հնարավոր է փոքր-ինչ պարզեցնել՝ առանց հանրային անվտանգությանը վնաս հասցնելու։ Այսօր Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ ներկայացնելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի փոփոխությունները։
Նա հիշեցրեց, որ օրենքն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունիսի 1-ին։ Դրանից հետո, ուսումնասիրելով, թե ինչպես է օրենքը կիրառվում գործնականում, Գաբրիելյանն առաջարկել է մի շարք փոփոխություններ մտցնել։ Օրինագիծը ՆԳՆ-ում քննարկումների մի քանի փուլ է անցել, որոնց արդյունքներով առաջարկների մի մասը հանվել է։
Դեկտեմբերի 12–ին Հայաստանի Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի
Նախագծի ներկայիս խմբագրության մեջ զենքի դասակարգման մեջ առաջարկվել է վերացնել «ծառայողական» կատեգորիան՝ թողնելով միայն քաղաքացիականն ու մարտականը։ Այդպիսով, քաղաքացիական զենքի կատեգորիային են դասվում ատրճանակները (ֆորմալ առումով՝ կարճ հրաձգային փողով ծառայողական զենք, որը զրկված է ավտոմատ կրակելու հնարավորությունից)։ Բացի այդ, ներկայիս օրենսդրության համաձայն, դրանք կարող են ձեռք բերել միայն առնվազն 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող զինվորականները, որոնք ունեն գնդապետից ոչ ցածր կոչում։ Հիմա առաջարկվում է շեմը նվազեցնել մինչև փոխգնդապետ։
Առաջարկվում է նաև ինքնաշեն զենքի արգելք սահմանել, որը կվերաբերի ոչ միայն հրազենային, այլև զենքի ցանկացած այլ տեսակի։
Միաժամանակ առաջարկվում է կրճատել այն տարածությունը, որից ավելի մոտ չի թույլատրվում հրաձգային զենք կիրառել (բացառությամբ հրաձգարանների)։ Գործող օրենսդրությամբ չի թույլատրվում ակոսափող հրազեն օգտագործել բնակավայրերից և մայրուղիներից 5000 մետր հեռավորությունից մոտ տարածքում, իսկ նախագծով առաջարկվում է 5000 մետր հեռավորությունը փոխարինել 3000 մետրով։ Ողորկափող զենքի համար առաջարկվում է հեռավորությունը թողնել 500 մետր։
Բացի այդ, առաջարկվում է զենքի կիրառման քննությունից ազատել նրանց, ովքեր զինծառայություն են անցել․ նրանց համար առաջարկվում է թողնել միայն տեսական քննությունը։
ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն իր հերթին նշեց, որ ուժի մեջ են մտնում զենք ունենալու իրավունքի հայտնի սահմանափակումները (հոգեբանական անհավասարակշիռ վիճակ, հանցագործություններ` կապված բռնության կիրառման հետ, այդ թվում` տնային)։ Նրա խոսքով` նոր կանոնները մասնավոր ներդրողներին կօգնեն հրաձգարաններ բացել, այդ թվում` մարզերում։
ՀՀ կառավարությունը դատական գործերի ձգձգման դեմ օրինագիծ է ներկայացրել