ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավականի նախկին մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կգլխավորի Հայաստանի Մ-21 հավաքականը և ԲԿՄԱ-ն: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Հատկապես ուրախ եմ, որ աշխատելու եմ երիտասարդների հետ, ինչը կրկնակի պատասխանատվություն է ինձ համար»,- ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը:
Նշվում է, որ Գյուլբուդաղյանցը նաև կկատարի ՀՖՖ մարզական տնօրենի պարտականությունները՝ համակարգելով Հայաստանի բոլոր պատանեկան հավաքականների աշխատանքը:
56-ամյա մասնագետի հետ պայմանագիրը կնքվել է 2.5 տարի ժամկետով` մինչև 2026 թ. մայիսի 31-ը:
Հիշեցնենք, որ Արմեն Գյուլբուդաղյանցը գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը 2018-2019 թթ–ներին։ Նա հրաժարականի դիմում էր ներկայացրել «Եվրո-2020»-ի ընտրական վերջին երկու հանդիպումներից հետո, որում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հավաքականի հետ և խոշոր հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն։
Նա նշել էր, որ նման որոշում է կայացրել, քանի որ չի կարողացել արդարացնել Հայաստանի հավաքականի երկրպագուների հույսերը՝ թիմին դուրս բերել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, թեև իր առջև ի սկզբանե նման խնդիր չի դրվել։