Վթարային շենքերը պետք է հողին հավասարեցնել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը պահանջեց հստակ ժամանակացույց, թե ինչպես է իրականացվելու վթարային շենքերի լիկվիդայնացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի 4–րդ կարգի վթարային շենքերի բնակիչները կտեղափոխվեն քաղաքի մեկ այլ հասցե։ Կառավարության նիստի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա նաև նշեց, որ նոր շենքն ամբողջությամբ պետական միջոցներով` 682 մլն դրամով է կառուցվել` 43 բնակարանով շուրջ 118 անձի համար։
«Նախկին երկու վթարային շենքը միասին 38 բնակարան ունեին։ Այդ իսկ պատճառով մնացած հինգ բնակարանից 3–ը կտրամադրվի արցախյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքներին, 2–ը` 1988 թ. երկրաշարժից տուժած երկու ընտանիքի»,– նշեց նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրդովվեց, որ շենքը շահագործման է հանձնվել 2022 թ., սակայն մարդկանց հանձնվել է մեկ տարի ուշացումով։ Սանոսյանը պատճառաբանեց, որ շինարարությունն է ավարտվել 2022 թ., սակայն այս ընթացքում փաստաթղթավորման խնդիրներ են եղել։
Փաշինյանին չբավարարեց պարզաբանումը։
«Սա շատ վատ պատմությունների շղթա է։ Ընդամենը մեկ ամիս առաջ ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հուղարկավորության ժամանակ պատահական մարդիկ մոտեցել են ինձ ու ասել, որ նման խնդիր կա։ Եթե կարելի էր դա մեկ ամսում անել, ապա մեկ տարի մենք ինչո՞վ ենք զբաղված եղել ու մարդկանց միայն հիմա ենք հանձնում բնակարանները»,– ասաց նա։
Վարչապետը հետաքրքվեց, թե ինչպես է իրականացվելու վթարային շենքերի լիկվիդայնացումը, ինչպես են երաշխավորելու, որ նոր բնակարաններ բաշխելուց հետո հին բնակարաններում ոչ մի մարդ չի մնալու։
«Հստակ ժամանակացույցով վթարային այդ շենքերը պետք է հողին հավասարեցնել»,– ընդգծեց Փաշինյանը։
15-20 տարվա ընթացքում Երևանում վթարային ու մաշվածություն ունեցող շենքեր չեն լինի. Փաշինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ այդ շենքերից 7 ընտանիք հիմա ՌԴ–ում են, նրանց համաձայնությունը պետք է ստանալ քանդման համար, սակայն համայնքը պարտավորվում է, որ հին շենքի բոլոր բնակարանները փակված կմնան այս ընթացքում։ Երբ Ապարանի համայնքապետարանը ստանա այս ընտանիքների սեփականության իրավունքները, այն ժամանակ այդ շենքերը հողին կհավասարեցվեն։
«Մանկական աշխարհի» ոդիսականը. ի՞նչ է կատարվում հայտնի կառույցի շուրջ