ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ի և ՌԴ–ի միջև զենքի հարցը հնարավոր է լուծել։ Այս մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու հավելեց, որ ռուսական կողմը շանս ունի ցույց տալու, որ հավատարիմ է իր սկզբունքներին և ստորագրած փաստաթղթերին:
«Դա ոչ մի ձևով չի ազդելու ՀՀ որոշման վրա` ապահովել ՀՀ–ի անվտանգությունը։ եթե պարտավորությունները չեն կատարվում, իսկ դա փաստ է, ՀՀ–ն միանշանակ պետք է պաշտպանի իր շահերը»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով։
Նշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն և ռազմական տեխնիկա չի մատակարարել, մինչդեռ գումարները փոխանցվել են: Ճշգրիտ գումարը պաշտոնապես չի նշվել։ Որոշ տվյալներով` խոսքը 250 մլն դոլարի մասին է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին հայտարարեց, որ քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։