ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անընդունելի է ճանաչել ՀՀ ՍԴ նախկին դատավորների գանգատները։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» որոշումը։
«Եվրոպական դատարանը Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորների և Սահմանադրական դատարանի նախկին նախագահի գանգատները ճանաչել է անընդունելի»,– նշված է որոշման մեջ:
Ներկայացված գանգատները վերաբերում էին ՀՀ ՍԴ նախկին երեք դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի արդար դատաքննության իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի, խտրականության արգելքի, իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանների և սեփականության իրավունքի հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումներին։
Մասնավորապես, դիմումատուները բողոքել են, որ զրկված են եղել իրենց պաշտոնների վաղաժամկետ դադարեցումը ներպետական մակարդակում վիճարկելու հնարավորությունից, և այդ դադարեցումը եղել է կամայական։
ՄԻԵԴ–ից նշում են, որ դիմումատուների գանգատների վերաբերյալ ՀՀ կառավարությունը ներկայացրել էր իր առարկությունները՝ պնդելով, որ գանգատն անընդունելի է և որևէ խախտում չի եղել:
Եվրոպական դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ ներկայացված գանգատներում բարձրացված պահանջները Կոնվենցիայի տեսանկյունից անընդունելի են՝ Կոնվենցիայի կողմից պաշտպանության ենթակա իրավունքի բացակայության հիմքով:
Եվրոպական դատարանի որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Հիշեցնենք՝ 2020 թ. հունիսի 22-ին ԱԺ–ն ընդունեց Սահմանադրությունում փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ է մտել հունիսի 26-ին։ Դրանով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվել՝ շարունակելով աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվել են թոշակի:
Հունիսի 26-ի կեսգիշերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ազդարարեց, որ այդ պահից սկսած Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Նա նաև նշել էր, որ ՍԴ երեք նոր դատավորները պետք է ընտրվեն 2 ամսվա ընթացքում: