ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում շուրջ 4000 ուսուցիչ բարձրացված աշխատավարձ է ստանում։ Այս մասին կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով հարցին, թե քանի ուսուցիչ է 400 000 դրամ աշխատավարձ ստանում։
«Արդեն իսկ շուրջ 4000 ուսուցիչ բարձրացված աշխատավարձ են ստանում, և սա ներառում է 200 000 դրույքաչափը, 30-50 տոկոս հավելավճարը կամավոր ատեստավորման համար։ Մենք ունենք բազմաթիվ ուսուցիչներ, որոնք նաև տարակարգ ունեն, և նրանք նաև դրան հավելում ստանում են մինչև 50 տոկոս հավելավճար։ Ունենք ուսուցիչներ, որոնք բնագիտական առարկաներ են դասավանդում։ Նրանք 25 տոկոս հավելավճար են ստանում անկախ ատեստավորումից»,– նշեց Անդրեասյանը։
Նա ընդգծեց, որ գյուղական փոքր դպրոցների բոլոր առարկաների ուսուցիչները ստանում են մինչև 50 տոկոս հավելավճար։ Նախարարը կոչ արեց բոլորին գնալ գյուղեր, այցելել մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներ և հետաքրքրվել` արդյոք իր հայտնած տվյալները ճիշտ են, թե ոչ։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում, ըստ որի կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դարձել էր 200 000 դրամ։ Այդ ժամանակ դեռ նշվել էր, որ ատեստավորում անցած ուսուցիչները 30-50% հավելավճար կստանան։
Նշվել էր նաև, որ ուսուցչի աշխատավարձը 50%-ով էլ կարող է բարձրանալ տարակարգի միջոցով։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ ուսուցիչների ցածր աշխատավարձը խոչընդոտում է համակարգ նոր ուսուցիչների մուտք գործելուն: