ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները քննարկել են հումանիտար հարցերի շուրջ համագործակցության ընդլայնումը։ Տեղեկությունը հրապարակվել է ՀԱՊԿ կայքում։
Նշվում է, որ միջոցառման կարևոր արդյունքը եղել է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող Միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան` ՀԱՊԿ-ի և ԿԽՄԿ-ի փոխգործակցության մեխանիզմի կատարելագործման փոխադարձ հետաքրքրության հաստատումը:
Հանդիպման մասնակիցները հումանիտար հարցերի շուրջ երկխոսությունն ավելի ընդլայնելու և խորացնելու կոնկրետ քայլեր են առանձնացրել։
«Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ԿԽՄԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև առաջիկայում և ապագայում համագործակցության զարգացման, ինչպես նաև ՀԱՊԿ-ի և ԿԽՄԿ-ի կողմից կազմակերպվող միջոցառումներին կողմերի մասնակցության պրակտիկայի շարունակման շուրջ, այդ թվում՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների ներգրավվածությունը ՀԱՊԿ ուժերի համատեղ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
ՀԱՊԿ-ը ընդգրկում է վեց պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։