Հայաստանում առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 10 ամսում գրեթե կրկնապատկվել է

Ձեռնաշղթա
2023 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1778-ով աճել է արձանագրված հանցագործությունների թիվը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում առանձնապես ծանր հանցագործությունների թիվն նախորդ տարվա հետ համեմատ կրկնապատկվել է։ Տեղեկությունը հայտնում է Ազգային վիճակագրական կոմիտեն։
Նշվում է, որ 2023 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին հանրապետությունում առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 1 425 է, ինչը նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցված 740 դեպքից ավելի է 685-ով։
Ընդհանուր առմամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1778-ով աճել է արձանագրված հանցագործությունների թիվը։ 10 ամիսներին հանրապետությունում գրացվել է 31 598 դեպք նախորդ տարվա 29 820-ի փոխարեն։
Գրանցվել է ծանր հանցագործությունների 4 700 դեպք՝ նախորդ տարվա 3 874-ի փոխարեն։ Հաշվետու ժամանակաշրջանում աճել են նաև միջին ծանրության հանցագործությունների դեպքերը՝ 10 761, որը նախորդ տարվա գրանցված 8 255 դեպքից ավել է 2503-ով։
Ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվը նվազել է։ Նշված ամիսներին գրանցվել է 14 712, նախորդ տարի՝ 16 951 դեպք։