ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանի որոշ հատվածներում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Դեկտեմբերի 7-ին` ժամը 08:15-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Սումգայիթ քաղաքից 61 կմ հյուսիս, օջախի 18 կմ խորությամբ, 5․6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– ասված է հաղորդագրությունում:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:
Երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ զգացվել է նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև Աչաջուր գյուղում։