ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի համերգը տեղի կունենա հաջորդ տարի։ Այս մասին կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարն ընդգծեց, որ ներկայում բանակցություններ են ընթանում, ժամկետների հարցն է քննարկվում։
«Նախապես քննարկվում է, որ համերգը կարող է լինել հաջորդ տարի` մայիսին կամ հունիսին։ Վերջնական ժամկետն իրենք կհայտնեն բանակցություններից հետո»,– նշեց Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 23-ին նախատեսված ամերիկացի հայտնի ռեփեր Սնուպ Դոգի (Snoop Dogg) համերգի մասին հայտարարելուց հետո բուռն քննարկումներ ծավալվեցին հիմնականում համերգի վրա ծախսվելիք պետական գումարների շուրջ։
Սնուպ Դոգի համերգը չեղարկվեց Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերով պայմանավորված։
Համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել է 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Սնուպ Դոգը գումարը չի վերադարձրել և չի վերադարձնի։