Դատախազը գերեվարված Գագիկ Ոսկանյանի համար 18 տարվա ազատազրկում է պահանջել

Գագիկ Ոսկանյան
Գագիկ Ոսկանյանը գրեթե 4 ամիս գտնվում է Ադրբեջանում, Բաքուն նրան մի շարք հանցանքներ է վերագրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Դատախազը ադրբեջանցիների կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի համար 18 տարվա ազատազրկում է պահանջել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշենք, որ դեկտեմբերի 4-ին տեղի էր ունեցել գործով դատական առաջին նիստը։ Հաջորդը նախատեսված է դեկտեմբերի 11-ին։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն օգոստոսի 16-ին հայտնեց, որ պահեստազորային Գ. Ո.-ն, ըստ նախնական տվյալների, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։
Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը հերթական ապատեղեկատվությունը տարածելու առիթը բաց չթողեց` նշելով, թե իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրեց մի տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, զրուցում նրա հետ, հետո ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:
Բաքուն նրան մի շարք հանցանքներ է վերագրում՝ ապօրինի սահմանահատումից մինչև ահաբեկչություն։
Ադրբեջանի կողմից գերեվարված պահեստազորայինի համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ