ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, երիտասարդների աշխարհի ոսկե մեդալակիր, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Դոհայում Գրան Պրիի մրցաշարում երկամարտի 189 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր:
Սա 18-ամյա մարզուհու առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:
Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Պոկում վարժությունում հայ մարզուհին գլխավերևում պահել է 81 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 108 կգ-ն: Ընդ որում, հրում վարժությունում Գրիգորյանը գերազանցել է աշխարհի երիտասարդական առաջնությունում ցույց տված արդյունքը: Երկու վարժություններում էլ Գրիգորյանը ցույց է տվել 4-րդ արդյունքը:
Հիշեցնենք՝ Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմում՝ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ, մրցավայր են մեկնել Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):
Կանանց հավաքականի կազմում ընդգրկված են նաև Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ):
Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրին վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար, այն կտևի մինչև դեկտեմբերի 14-ը: