Գրեթե 100 տարի շարունակ Time ամերիկյան հանդեսը դեկտեմբերին անվանում է «Տարվա մարդուն»։ 2023-ի առաջատար թեկնածուների թվում էին Վլադիմիր Պուտինը, Սի Ծինպինը, Բրիտանիայի թագավորը, բայց հաղթող ճանաչվեց երգչուհի Թեյլոր Սվիֆթը։
Առաջին հայացքից կարող է բավական տարօրինակ թվալ այս ընտրությունը, որովհետեւ ժամանակին «Տարվա մարդ» են ճանաչվել Ֆրանկլին Ռուզվելտը, Մահաթմա Գանդին, Ուինսթոն Չերչիլը, Միխայիլ Գորբաչովը, Բարաք Օբաման, Դոնալդ Թրամփը, բայց Time-ի ղեկավարությունն, ըստ երևույթին, հաշվի է առել Թեյլոր Սվիֆթի համառությունը, հետևողականությունը և նպատակասլացությունը, որոնք երգչուհին դրսևորել է դեռ մանկուց՝ օրինակ ծառայելով միլիոնների համար։ Հո իզո՞ւր չի ամերիկյան հրատարակչություններից մեկը 2023-ի «տարվա բառ» ճանաչել swiftie-ն։ Երևի հասկացաք, որ խոսքը Թեյլոր Սվիֆթի երկրպագուների մասին է։