Կարելի է համաձայնել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, որն ասաց. «Մեր այս հանդիպումը խորհրդանշում է համաշխարհային ուժերի ամենամեծ կենտրոնացումը։ Եվ մեր ձեռքին է այնպիսի կարևորագույն հարցերի լուծումը, ինչպիսին են պատերազմի ժամկետի կրճատումը, հաղթանակի ապահովումը և մարդկության ապագա ճակատագիրը։ Եկեք արժանի լինենք այս հրաշալի՝ մարդկությանը ծառայելու հնարավորությանը»։
Միանգամից սկսվեցին տարաձայնությունները։ Անգլիացիներն առաջարկում էին երկրորդ ճակատը բացել Իտալիայում, սակայն Ստալինը Ռուսաստանի պատմությունից լավ գիտեր, թե ժամանակին Սուվորովը ինչ դժվարություններով հաղթահարեց Ալպերը։ Ի վերջո Խորհրդային Միության առաջնորդի այն հիմնավորումը, որ Ֆրանսիայում սկսելով հարձակումը` դաշնակիցները հնարավորություն կունենան սրընթաց առաջ շարժվելու և ընդհուպ մոտենալու Կարմիր բանակին, ընդունվեց բոլորի կողմից։
Իրողությունն այն է, որ 1943 թվականի վերջին պատերազմում արդեն բեկում էր տեղի ունեցել։ Խորհրդային զորքերն ազատագրել էին Կիևը, իսկ Իտալիայում տապալվել էր Բենիտո Մուսոլինիի ֆաշիստական վարչակարգը։ Ամերիկացիներն էլ մի շարք կարևոր հաղթանակներ էին տարել ճապոնացիների նկատմամբ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Եվ, այնուամենայնիվ, բոլորը հասկանում էին՝ եթե ամերիկացիներն ու բրիտանացիները որքան հնարավոր է շուտ չբացեն երկրորդ ճակատը, ռազմական գործողությունները կարող են շատ երկար տևել, իսկ մարդկային զոհերի թիվը գնալով կաճի։ Ժամկետների հարցում էլ տարաձայնություն կար։ Ուինսթոն Չերչիլը համառորեն առաջարկում էր սպասել մինչև հաջորդ տարվա օգոստոս կամ նույնիսկ աշուն։ Ստալինն առարկում էր. դաշնակիցների հարձակումը պետք է անպայման սկսվի գարնանը՝ ապրիլին կամ ծայրահեղ դեպքում՝ մայիսին։
Որոշ պատմաբաններ համոզված են, որ այս տարաձայնությունները զուտ անձնական պատճառ ունեին։ Ֆրանկլին Ռուզվելտը, որը իշխանության գալով 1933 թվականին, անմիջապես էլ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Խորհրդային Միության հետ, ակնհայտորեն վայելում էր Ստալինի համակրանքը, որը փոխադարձ էր։ Հենց առաջին անձնական հանդիպումից հետո Ամերիկայի նախագահը խոստովանեց. «Այս մարդու հետ աշխատելն իսկական հաճույք է։ Նա շատ անկեղծ, առանց որևէ բան կոծկելու շարադրում է խնդիրը։ Համոզված եմ, որ Ստալինի հետ մենք հեշտությամբ լեզու կգտնենք»։
Բոլորովին այլ էին Ստալինի հարաբերությունները Չերչիլի հետ։ Նա հրաշալի գիտեր, որ Չերչիլը մոլի համակոմունիստ էր, որը Ռուսաստանում քաղաքացիական կռիվների ժամանակ արևմտյան տերություններին կոչ էր անում ներխուժել և տապալել խորհրդային իշխանությունը։ Միանգամայն հասկանալի է, որ ԽՍՀՄ-ի առաջնորդը, մեղմ ասած, ջերմ զգացմունքներ չէր տածում Չերչիլի նկատմամբ։ Չերչիլն էլ Ստալինին չէր սիրում, և երբ տեսավ, որ Ստալինը թեհրանյան առաջին հանդիպմանը մարշալի համազգեստով էր եկել, որոշեց ինքն էլ զինվորական համազգեստով ներկայանալ և չհանեց այն մինչև Թեհրանից մեկնելը։
Ի դեպ, սկզբունքային տարաձայնություններ կային նաև այն հարցում, թե ինչպիսին պիտի լինի հետպատերազմական Գերմանիան։ Ռուզվելտը և Ուինսթոնը ֆաշիզմի վերածնունդը կանխելու համար առաջարկում էին ամենապարզունակ տարբերակը՝ բաժանել Գերմանիան բազմաթիվ փոքր պետությունների։ Մեծ Բրիտանիայի վարչապետն ասաց. «Գերմանիան պետք է մեկուսացնել Պրուսիայից, այսինքն` արևելյան շրջաններից, այնուհետև անջատել Բավարիան, Սաքսոնիան, Բադենը և մի շարք այլ երկրամասեր»։ Ստալինը հակադարձում էր՝ ասենք թե անջատեցինք, բայց չէ՞ որ այնտեղ նույն գերմանացիներն են ապրում, որոնք հնարավոր պատերազմի դեպքում անպայման միավորվելու են։
Ինչ վերաբերում է պատերազմի մեղավորներին պատժելուն, ապա այս հարցում Ստալինը որոշեց դիտավորյալ զայրացնել Չերչիլին և, ինչպես ասում են, խաղալ նրա հոգու հետ` ասելով. «Խմում եմ այն բանի կենացը, որ անպայման գնդակահարվեն 50 հազար նացիստներ»։
Հաշվարկը շատ ճիշտ էր, Չերչիլը կարմրեց, մի կողմ դրեց իր սիրելի կոնյակը և ըմբոստացավ. «Ինչպե՞ս կարելի է գնդակահարել մարդկանց առանց դատ ու դատաստանի»։ Ամերիկայի նախագահի որդին՝ Էլիոթ Ռուզվելտը, որին հայրն ընդգրկել էր իր երկրի պատվիրակության կազմում, հետագայում պատմել է. «Ես նայեցի Ստալինին։ Ակնհայտ էր, որ այս խոսակցությունն իրեն մեծ բավականություն էր պատճառում։ Դեմքը լուրջ էր, սակայն աչքերը ծիծաղում էին։ Գոհ էր, որ կատաղության վերջին աստիճանին էր հասցրել Չերչիլին»։
Ի դեպ, Ֆրանկլին Ռուզվելտի որդին հետագայում նաև պատմել է, որ հայրն իր հետ զրույցներից մեկի ժամանակ փորձել է կանխատեսել. «Տղա՛ս, մենք այս երեք առաջնորդներով այնքան հզոր ենք, որ Ադոլֆ Հիտլերը լավագույն դեպքում կդիմանա միայն մինչև 1944 թվականի վերջը»։ Հիմա արդեն գիտենք, որ Ամերիկայի նախագահը սխալվեց. հիտլերյան Գերմանիան ընդունեց իր կապիտուլյացիան միայն 1945 թվականի մայիսին։